«Իմ Հայաստան-2018»

Սիրելի´ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմա­նը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակու­թա­յին ինք­նու­թյան պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղ­ծա­գործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը:

Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝

  1. «Պարարվեստի օրեր»` հուլիսի 10-20-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյան),
  2. «Երգչախմբային արվեստի օրեր»` հուլիսի 25-30-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյան),
  3. Անհատ կատարողների ելույթներ` հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանա­կա­հատ­վածում,
  4. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում` հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը[1],
  5. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»` սեպտեմբերի 21-25-ը (գեղ.ղեկ,՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյան),
  6. «Հայ երգի օր»՝ սեպտեմբերի 26:

Առաջին անգամ Պարարվեստի օրերի շրջանակներում, Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համագործակցությամբ, կանցկացվի Պարարվեստի գործիչների հավաք (հուլիսի 12) [2]:

Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթներ, երգչախմբեր, նվագախմբեր և անհատ կատարողներ: More