Գևորգ Դաբաղյան (Հայաստան, Երևան)

Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965թ. փետրվարի 12-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992թ.` ասպիրանտուրան:

Դուդուկի ասպարեզում արժանացել է գլխավոր մրցանակների Հայաստանում և արտերկրում` 1990թ. Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթին, 1991-1992թթ. Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխությանը և այլն: 1991թ. ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: