Եվրոպայի երկրների հայ երաժիշտներ

Հունահայ երաժիշտներ

Հունահայ երգչուհի է Արտա Սնդիկյանը: Նա 1940 թվականից Աթենքի, ապա Լոնդոնի օպերային թատրոնի մեներգչուհին էր: Նա հունական երգերի լավագույն կատարող է: 1966թ. երգչուհին հանդես եղավ Երևանում` ներկայացնելով հայ երգը:

Հունահայ երաժիշտներից են Հրաչ Ղուկասյանը, Հակոբ Քոլանյանը, Անդրանիկ Ներսիսյանը: Ներսիսյանը (1977թ.) Աթենքի «Արդի երաժշտության վարժարան»-ի սանն էր: 1993թ. ապրիլի 4-ին Ներսիսյանը նվագում է Գրիգի կոնցերտը՝ նվագավար Ջորջ Փեհլիվանյանի հետ: 1994թ. շարունակել է ուսումը Ջուլիարդի հայտնի հունգարացի դաշնակահար Գորգի Շանդորի մոտ, ապա Լոնդոնի Արքայական երաժշտական քոլեջում: Նա դարձել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկող ամենաերիտասարդ դաշնակահարը: Անդրանիկը 1994թ. նվագեց Ռախմանինովի 2-րդ կոնցերտը, 1995թ.` Բեթհովենի 3-րդ կոնցերտը:

Լեհահայ և հունգարահայ երաժիշտներ

Լեհաստանի երաժշտարվեստում մեծ է արցախահայ Սերգիուս Մետաքսյանի (Սարգիս Մետաքսյան-Շելկովնիկով) ներդրումը: Ծնվել է 1871թ. Երևանում, կրթություն ստացել Ելիզավետպոլում, ապա Մոսկվայում, Պետերբուրգում:

1904թ. մայիսի 13-ին Վարշավայի օպերային թատրոնում երգել է առաջին դերերգը՝ Տոնիո Լեոնկավալլոյի «Պայացներ»-ում և այնուհետև դառնում այդ թատրոնի աստղը և երկար տարիների տնօրենը՝ 1907-1924թթ.: Արտակարգ ձայնային տվյալներով օժտված այս երգիչը երգում է բարիտոնի և դրամատիկ տենորի դերերգեր. Էսկամիլիո (Բիզե «Կարմեն»), Ժերմոն, Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա») և այլն, ինչպես նաև լեհահայ օպերաներում՝ Խիլոն Խիլոնիդես, Ֆենդիգո: Նշելի է, որ նշանավոր երգիչը առաջին աշխարհամարտի առաջին օրից մինչև վերջին օրը, ընդհատելով իր արտիստական գործունեությունը, դարձավ «Սամարյան զորագնդի» գնդապետը գործող բանակում: Վերադառնալով օպերային թատրոն՝ շարունակեց իր բեղուն արտիստական  գործունեությունը:

55 տարին լրացած երգիչը, թողնելով թատրոնը, փոխադրվում է համերգային բեմահարթակ, բոլորովին այլ ժանրի երգերով՝ հայկական, վրացական, hյուսիսկովկասյան լեռնային ժողովուրդների, գնչուական՝ այստեղ էլ դրսևորելով իր կատարողական փայլուն տվյալները: Գրում է նաև հոդվածներ երաժշտական տարբեր  հարցերի շուրջ:

Հոլոշիների տոհմը մի քանի նշանավոր արվեստագետներ է տվել Հունգարիային: Տոհմի նախակարապետներից մեկի ծնունդը՝ Խաչիկ Հոռոփսիմե  տոհմական հայկական անունով, արձանագրված է Հունգարիայում 1736 թվականով: Այդ ազգանունը հետթարգմանաբար դարձել է Հոլոշ: Փայլուն երգչուհի էր Կորնելիա Հոլոշին (1827-1890թթ.): Նա Բուդապեշտի օպերային թատրոնի աստղն էր: Իտալիայում իր երգարվեստը կատարելագործելիս նա արդեն վայելում էր Դոնիցետտիի հիացմունքը: Նա հյուրախաղերով եղել է Վիեննայում, Վարշավայում, Բուխարեստում:        

Ստեֆանիա Մոլդովայնը (Անկելեսյան) Բուդապեշտի օպերային թատրոնի աչքի ընկնող երգչուհիներից էր: 1953թ. ավարտել է Հունգարիայի երաժշտական ակադեմիան, երգել նախ Սեկետիի, իսկ 1961 թվականից Բուդապեշտի օպերային թատրոնում: Համերգներով Անկելեսյանն հանդես է եկել Ռումինիայում, Անգլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում,  Խորհրդային Միությունում և այլուր:

Ռումինահայ երաժիշտներ

19-րդ դարի 2-րդ կեսին Ռումինիայում բնակություն են հաստատել Պլպլյան երաժշտական ընտանիքը: Բազմակողմանիորեն օժտված երեք եղբայրները գնացել են երաժշտության ճանապարհով: Նվագել է տարբեր նվագարանների վրա, բայց  մասնագիտացումը եղել է ջութակը: Եղբայրներներից մեկը շատ վաղ է կնքում իր մահկանացուն, մյուս երկուսը՝ Հովհաննեսը և Արտաշեսը լավագույն ջութակահարներ  լինելուն զուգահեռ զբաղվել են նաև ստեղծագործությամբ:

Ջութակահար Կարպիս Ավագյանը (1900-1967թթ.) մեծ ճանաչում ունեցող պրոֆեսոր էր, որը երկար տարիներ աշխատում էր Բուխարեստի Պորումբսկույի անվան կոնսերվատորիայում: Մեծ մանկավարժը դասավանդմանը զուգընթաց զբաղվել է տեսական ուսումնասիրություններով: Նա զբաղվել է ջութակի հայտնի վարպետների՝ Կրեյցերի, Ռոդեի, Ֆիորելլոյի ջութակի էտյուդների ուսումնասիրության, սրբագրման աշխատանքով: Սրանց ավելանում է նաև իր աշխատությունը՝ «Նոր ներդրումներ ձախ ձեռքի տեխնիկայի զարգացման մեջ», որոնք մեծ ներդրում են ջութակի դասավանդման մեթոդիկայի մեջ:

20-րդ դարի կեսերին հայտնի էին նաև ջութակահար Վարուժան Կոզիկյանը, օպերային երգչուհի Արաքս Սվաճյանը, Բուխարեստի օպերային երգիչ Կարպիս Զոբյանը, կամերային երգչուհի Շաքե Շիշմանյանը, երգչուհիներ Անահիտ Քերփիչյանը, Մադլեն Էքմեքչյանը, որը 1951 թվականից Տիմիշոարայի օպերային թատրոնի մեներգչուհին էր,  Ռումինիայի ազգային օպերայի թատրոնի մեներգիչներից էր Արիս Հովհաննիսյանը (1937թ., Բուխարեստ), Դավիթ Հովհաննիսյանը (1930թ.): Վերջինս այն հազվագյուտ երգիչներից է եղել, որ հանդես է եկել բարիտոնային և բասային դերերգերի կատարումով: Ռումինական ժողովուրդն ու արվեստի ներկայացուցիչներն երախտապարտ են Դավթին, իրենց ազգային օպերաներում՝ Դիմիտրիեսկոյի «Քաջն Յոն Վուտ», Փանը Լեսնեա Ռուսալիմ, «Ապստամբություն», Պոպովիչի «Պրոմեթևս», տարբեր կերպարների բեմական հրաշալի մարմնավորումների համար: Նրա գլուխգործոցը Ջորջե Էնեսկուի «Էդիպ»-ն է: Դավիթն այդ դերերգի միակ դերակատարն էր 30 տարիների ընթացքում:

Էդվարդ Թումաչանյանն աշխարհի լավագույն երգիչներից է, որը 1968-1974թթ.  Ընթացքում մասնակցել է ինը միջազգային մրցույթների և շահել բոլոր ինը մրցանակները՝ Բարսելոնում, Վերվիում, Թուլուզում, Վիեննայում, Սոֆիայում, Փարիզում և այլուր: Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչն է: Նրա մարմնավորած դերերգերից են Վերդիի տասից ավելի, Գունոյի, Բիզեի, Պուչինիի, Դոնիցետտիի, Չայկովսկու, Մոցարտի և այլոց օպերաներում՝ առանձնացնելով ժամանակակիցները՝  Վոլֆ Ֆերարի «Մադոնայի գոհարեղենը», Պասկալ Բենտոու «Համլետ» և այլն:

Բուլղարահայ երաժիշտներ

Նաթան Բեկ Ամիրխանյանցը (1872-1949թթ.) օտարազգի մշակույթի հայ նվիրյալն Է, որի  ջանքերը որքան ազգային արվեստին են ծառայել, այնքան ավելի՝ բուլղարականին: Նա  Ղարաբաղի մելիքների շառավղից էր, որ անցել էր Պոլիս-Թիֆլիս-Հելսինկի-Վառնա-Սոֆիա: Նաթանը Հելսինկիում և Մյունխենում երաժշտական կրթություն ստանալուց  հետո՝ 1896թ., Վառնայում ծավալում է երաժշտական գործունեություն՝ որպես դաշնակահար հանդես գալով համերգներով, որոնց հաճախ մասնակից է եղել դաշնակահարուհու քույրը՝ Երանուհին: Նրա ջանքերով հիմնադրվում է «Գուսլա» երաժշտական ընկերությունը: 1907թ. նա հրավեր է ստանում և մեկնում Սոֆիա՝ դառնալով նոր հիմնադրվող օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը:

Բուլղարահայ գաղթօջախում է ծավալվել Բալթայան երաժշտական ընտանիքի մի քանի սերնդի երաժիշտների գործունեությունը: Բալթայան երաժշտական ընտանիքի նահապետը Սարգիսն էր (1897-1989թթ.): Դեռևս 1917թ. բանակ զորակոչված Սարգիսը 25 զորակոչիկներից կազմում է իր առաջին երգչախումբը՝ դառնալով խմբավարը: Նա երաժշտության անդաստան է մտնում որպես խմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր: Գրել է երաժշտական թատերգություններ՝ մանկապատանեկան «Միգանուշների պարը» բալետը (1921թ.), երաժշտական կատակերգություններ՝ «Վարդ և սեր» (1932թ.), «Անառակ որդին» (1942թ.), «Մոլորված ամուսիններ» (1947թ.), «Կարմիր զինվոր» (1948թ.):

Սարգսի հոր անունն էր կրում որդին՝ ջութակահար Կարոն (1934թ.): Կարո Բալթայանը արժանացել է «Կիրիլ Միֆոդի» շքանշանի: 1991թ. Բուլղարիայում հիմնադրվում «Հայկական մշակույթի և արվեստի ընկերակցությունը», որի նախագահ է ընտրվում Կարոն: 1991թ. Պլովդիվում, ապա 1994թ. Սոֆիայում անցկացվում են հայ մշակույթի   օրեր, իսկ 1997թ. նշվում է նրա 100-ամյակը: Կարոյի զավակներն են ջութակահար Արուսյակը (1971թ.), դաշնակահար կրտսեր Սարգիսը (1976թ.): Մի քանի մրցույթների  դափնեկիր է Սարգիսը, այդ թվում՝ 1987թ. Չեխոսլովակիայում կայացած «Դաշնամուրի   վիրտուոզներ» միջազգային մրցույթի:

Բալթայան երաժշտական ընտանիքից է թավջութակահարուհի Սեդա Բալթայանը (1952թ.): Սեդան հազիվ 12 տարեկանում ստանում է Սոֆիայի ազգային երաժշտական մրցանակաբաշխության 2-րդ մրցանակը: Նա 1968 թվականից սովորում է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում, 1974թ. մասնակցում  է Չայկովսկու անվան միջազգային մրցույթին՝ գրավելով չորրորդ տեղը:

Բուլղարահայ հայտնի ջութակահարներից է Էմանուել Պերճ Գույումճյանը (1929թ., Պլովդիվ), դաշնակահարուհիներ Էմմա Թահմիզյանը (1957թ.), Զարուհի ՍայանՀովակիմյանը, Սոֆիայի օպերային թատրոնի մեներգչուհի Նվարդ Հմայակ Կարապետյանը (1932թ.), Վառնայի օպերային թատրոնի մեներգչուհի Ալիս Բաղդասարյանը (1942թ.), Պլովդիվի օպերային թատրոնի երգչուհի Բեատրիս Բոյաջյանը,  որը մուտք գործեց արվեստի աշխարհ Վերդիի «Տրուբադոր»-ում Լեոնորայի դերերգով: Երգչուհուն ունկնդրել է Արամ Խաչատրյանը Բուլղարիայում ունեցած համերգների  ժամանակ՝ իր հիացմունքն արտահայտելով նրա բարձրարվեստ երգին:

Հովհաննես Անաստասյանը (1933թ., Բուրգաս) անվանի ալտահարներից է, որը  բուլղարական կոնսերվատորիան ավարտելուց հետո Կյուլպենկյան կրթաթոշակով 1963թ. մեկնում է Փարիզ՝ կատարելագործելու իր արվեստը: Նրա արտիստական  գործունեության մեջ շատ նշանակլից է Բելգիայում «Սևան» լարային քառյակի  հիմնադրումը, որը ներկայացնում է դասականների գործերը և հայ երաժշտությունը: 1968թ. Անաստասյանն առաջին անգամ լինում է հայրենիքում, ելույթներ ունենում ռադիոհեռուստատեսությամբ: Մեծ է նրա ազգանվեր գործունեությունը. Անաստասյանը   ստեղծեց «Ամադեուս» կրթօջախը, որն իր գործունեությունը սկսեց 1988թ. երկրաշարժից հետո: Հաջորդ օրվանից Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները հաջորդաբար դուրս եկան միջազգային բեմեր՝ հաղթելով Ամստերդամի, Վերոնայի, Բրյուսելի մրցույթներում: 1992թ. նրա ջանքերով անցկացվեց մրցույթ Երևանում, իսկ  1993թ.՝ Գյումրիում: Այնքան ընդլայնվեց «Ամադեուս»-ի ամենամյա գործունեությունը, որ 1994թ. մրցույթն ընդգրկեց նաև Սպիտակը, Վանաձորը և Արցախը, 1995թ.՝ կրկին Երևանում:

Իտալահայ երաժիշտներ

Վենետիկի Մխիթարյան միաբանության հայր Հակոբ-Սուքիաս Էֆրիկյանը տարիների տքնությամբ ստեղծել էր իր նշանավոր «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանը»: Եվ հանկարծ իտալուհի Լաուրա Ցասսոյի սերը  խորտակում է Ս. Ղազարի վանքի պարիսպներն ու միաբանին դուրս բերում աշխարհիկ կյանք: Ցավ էր հայագիտության ոլորտից մեկին կորցնելը, բայց այդ լրացվեց որդու ծնունդով, որին հայրը Վահան կոչեց: Թեև իտալական մթնոլորտում Վահանին Անջելո կոչեցին, սակայն նրա իտալացի կենսագիրները գրում են.  «Անջելո Էֆրիկյանը ծնվել է Տրևիզոյում, ծագումով հայ է, հոգով՝ հայ…»:

Անջելոն վեց տարեկանից ջութակ է նվագում: Սակայն մասնագիտական երաժշտական կրթությունն ընդհատում է՝ ծնողների ցանկությամբ Պադուայի համալսարանն ընդունվելու և իրավագիտություն մասնագիտության պատճառով: Ավարտելով համալսարանը կարճ ժամանակով աշխատում է Տրևիզոյում, իբրև դատախազ, Միլանում՝ սոցապահովագրական հիմնարկի փոխտնօրեն: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ներգրավվում է պարտիզանական խմբերի մեջ: Թեև 12 տարեկանից Անջելոն հեռացել էր երաժշտությունից, պատերազմի ավարտից հետո նա սկսեց վերադառնալ դեպի երաժշտությունը: Գրում է բազմաթիվ հետաքրքրական երաժշտագիտական հոդվածներ: 1946թ. Անվերադարձելիորեն նվաճում է որպես երաժշտի և այն էլ այնպիսի ընդգրկումով, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1946-1972թթ. Էֆրիկյանը Վիվալդիի ձեռագրերից 22000 միկրոֆիլմ է արել, ապա զբաղվել դրանց վերծանումով: 1960թ. իր տանը ստեղծում է նաև երաժշտաձայնագրական մի հիմնարկ՝ անվանելով այն «Ակրոֆոն»: 1966թ. «Ակրոֆոն»-ի, «Ստրավագանցա» հրատարակությունը շահում է «Վիվալդիի մեծ մրցանակը», 1967թ. Նույն մրցանակը՝ Վիվալդիի «Քրիստոսի մահն ու չարչարանքները» երկի, իտալական ձայնասկավառակային մրցանակը Ջեզուալդո դա Վենոդայի «Մադրիգալների», 1968թ. Կրկին «Վիվալդիի մեծ մրցանակը» նրա «Տարվա եղանակները» երկի համար: 1967-1973թթ. հինգ   անգամ շահել է նաև ակադեմիայի «Շարլ Կրոսի», ապա և Տոկիոյի «Աստ» մրցույթները:

Լյուսի Սևումյան-Արզումանյանը (1892-1969թթ.) Ալեքսանդրապոլում ծնված, իր բացառիկ օժտվածությամբ անցել է աշխարհի շատ բեմերով՝ սկզբում իբրև դրամատիկ թատրոնի դերասանուհի, ապա երգչուհի: 1924-1927թթ. ապրում է Եգիպտոսում, և Թեոդիկն իր «Ամենուն տարէցոյց»-ի 1925թ. Տարեգրքում նրան անվանում է «Բուրգերու երկրին սոխակը»: Այնուհետև նա իր օպերային դերերգերով ու համերգներով հանդես է գալիս Կիպրոսում, Լիբանանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայի քաղաքներում՝ հաստատված լինելով Միլանում:

Նա անմոռանալի Մանոն էր, (Մասսնե «Մանոն»), Էլզա (Վագներ «Լոենգրին»), Մագթաղինե (Ջորդանո «Անդրե Շենիե»), Սիմի, Բատերֆլայ (Պուչչինի «Բոհեմա», «Չիո-չիոսան»), Մարգարիտա (Բոյտո «Մեֆիստոֆել» և Գունո «Ֆաուստ»), Սանտուցցա, Մարիելլա (Մասկանի «Գեղջկական  ասպետություն», «Բարեկամ Ֆրից և փոքրիկ Մարատ»), Դեզդեմոնա (Վերդի «Օթելլո») և այլն:

Լինդա Գիրլեյանը ծնվել է Բոստոնում, ավարտել Նյու Յորքի կոնսերվատորիան և իր արտիստական գործունեությունը 1960թ. սկսել Իտալիայում: Հրաշալի մեցցո-սոպրանոն իր առաջին իսկ հանդես գալուց գրավել է հասարակության և երաժշտական քննադատների բուռն համակրանքը: Նա Բոլոնիա, Մեսսինա, Պարմա, Ֆոռլի քաղաքներում հանդես է եկել Ադալժիզայի, Մադլենայի, Դալիլայի, Ազուչենայի դերերգերի փայլուն կատարմամբ Բելլինիի «Նորմա», Դոնիցետտիի «Լինդա դի Շամունի», Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա», Վերդիի «Տրուբադոր» և «Աիդա» օպերաներում:

Աղավնի Պետոյան-Սիմոնյանը (1932թ.) բավական ուշացումով է սկսում զբաղվել մասնագիտական երգարվեստով: 1956թ. Բեյրութից մեկնելով Միլան, մասնակցելով «Լասկալայի» մրցանակաբաշխությանը, արժանանում է առաջին մրցանակի: Իտալական մամուլն իսկույն նրան կոչում է «Լիբանանի դեղձանիկ»: 1960թ. մասնակցում է Վենետիկում անցկացվող երգի միջազգային մրցույթին՝ ստանալով առաջին մրցանակ:

Սեդա Տիգրանի Բալուլյանը (1936թ., Բեյրութ) 1958թ. ավարտելով Լիբանանի արվեստի ակադեմիան՝ մեկնում է Հռոմ, կատարելագործվում նշանավոր երգչուհի Մարիա Գարբոնեի մոտ: 1959թ. Վենետիկի «Ֆենիչե» օպերային թատրոնում կազմակերպված երաժշտական փառատոնին Բալուլյանը մասնակցում է երկու օրատորիաներում՝ «Ֆենիչեի» հսկա սրահը խանդավառության պահեր է ապրում. «Գտնված է մի նոր ձայն»: Երգչուհու օպերային դերերգերի մեջ են մտնում Ռոզինան (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարմենը (Բիզե «Կարմեն»), Դալիլան (Սեն-Սանս «Սամսոն և Դալիլա»), Ադրիանոն (Վագներ «Ռիենցի»), Ագուչենան, Էբոլին, Ամներիսը (Վերդի «Տրուբադոր», «Դոն Կարլոս») և այլ  դերերգեր: Օպերային հայտնի երգիչ է նաև Կարպիս Բոյաջյանը: 1974թ. նա մուտք է գործում մեծ բեմահարթակ: «Աիդա» ներկայացումներից մեկի մասին իտալական թերթերից մեկը 1978թ. գրել է. «Արենան այդ գիշեր ծայրից ծայր լեփ-լեցուն էր 25000 հանդիսականներով»:

Միջազգային փառք է վայելում տավղահարուհի Շուշանիկ Միլիտոնյանը (1940թ.): Բացառիկ տաղանդով օժտված աղջնակը 13 տարեկանից բեմում է: 1959թ. Թել-Ավիվում տեղի ունեցող տավղահարների միջազգային մրցույթում շահում է բացարձակ առաջնություն: 1965թ. բնակվում է Բրյուսելում, տեղի կոնսերվատորիայի պրոֆեսոր և սիմֆոնիկ նվագախմբի մենակատար: Հրավիրվում է իր մասնակցությունը բերելու Նյու Յորքում 1974թ. ապրիլի 14-24-ը անցկացվող հայ մշակույթի փառատոնին:

Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Շվեդիայի հայ երաժիշտները

Դժվար է Դավիթ Դավթյանին դիտարկել սփյուռքի որևէ գաղթօջախում, քանզի կարճատև էր նրա կյանքը: Ծնվել է 1977թ. Տրապիզոնում, կրթվել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, վիրտուոզ ջութակահար դարձավ Բրյուսելի կոնսերվատորիայում, կատարելագործվել Պրահայում նշանավոր Շևչիկի հովանավորությամբ:

1904թ. Բրյուսելում տեղի ունեցող միջազգային մրցույթում շահում է առաջին մրցանակը: 1911թ. համերգային երթուղին նրան տանում է դեպի Անգլիա, Ամերիկա, սակայն Մարզուանում ապրիլի 25-ին ունեցած փայլուն համերգից հետո վախճանվում է սրտի կաթվածից:

Ռոլֆ Ակոբը (Հակոբյան, 1905թ.) Մյունհենի տաղանդավոր դիրիժորներից է: Երբ 1972թ. Նա համերգներով հանդես է գալիս Փարիզում, «Աշխարհ» թերթը (1972թ., 23 դեկտեմբեր) գրեց նրա հայկական ծագման մասին:

Մարիա Գալամքարյանը (1903թ., Թիֆլիս) կատարելագործվել է Գերմանիայում, Ավստրիայում, որտեղ էլ կայացան նրա առաջին համերգները: Բացառիկ մեծ է նրա մատուցած երգացանկը`իտալական հին վարպետներից սկսած մինչև ժամանակակիցները` Լոբոս, Բարտոկ, Գերշուին, Պրոկոֆև, Շոստակովիչ, Խաչատրյան, Բաբաջանյան:

Հայտնի էին Հեղինե (1881թ.) և Եվգինե (1883թ.) Ադամյան քույրերը: 1904թ. Ավարտել են Ժնևի երաժշտական ակադեմիան, ապա 1908թ.` Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիան` Գուստավ Հոլենդերի անվան ոսկե մեդալով` յուրաքանչյուրն իր հերթին լինելով փայլուն մենակատար: Սակայն քույրերն ընտրում են դաշնամուրային զուգանվագի (դուետ) հետաքրքիր համույթային կերպը` դրանով մտնում միջազգային բեմահարթակ: «Քույրերի համերգները արվեստի տոն էին,-գրում է Ժնևի «La Suisse»-ը 1908թ. Մարտի 20-ին երկզույգ ձեռքերով նրանց նվագը զույգ դաշնամուրի վրա, երկի կատարման ձևերը, նրբագեղ կշռույթը, արտահայտչության ուժը, հիացումի հասնող նրանց երաժշտական ունակությունները ունկնդրի վրա թողնում էին անջնջելի, կախարդիչ տպավորություն»: 1915թ. Ցեղասպանությունից հետո, որի զոհ դարձավ նաև Հեղինեի ամուսինը, այս և այլ հանգամանքներ բաժանեցին քույրերին: Հեղինեն մնաց Բեռլինում, Եվգինեն փոխադրվեց Փարիզ: Նրանք զբաղվեցին դասավանդությամբ: Նշանավոր են դաշնակահարուհի Սեդա Դանիելը (1945թ.), դաշնակահար Ավո Գույումճյանը, Համբուրգի օպերային թատրոնի երգչուհի Լուիզ Պոզապալյանը, Վիեննայի օպերային թատրոնի երգչուհի Սոնա Ղազարյանը (1945թ.), Ավստրիայում և Գերմանիայում` երգչուհի Անժելա Կարապետյանը, Ավստրիայում`թավջութակահար Կարո Աթմաճյանը (1945թ.), դաշնակահար Լյուկ Արամ Բաղդասարյանը, ջութակահար Դանիել Նազարյանը, ով Բրյուսելի արքայական օպերային թատրոնի նվագախմբի կոնցերտմեյստերն է:

Շվեդահայ երաժշտական մթնոլորտում հայտնի էին Անի Կասեր-Ղազարյանը (1942թ.), Արմեն Ռահսեփարի Միրզայանը: Վերջինս 1988թ. Իրանից Ստոկհոլմ գաղթած ծնողների որդին է: Նա կատարում է Մոցարտի, Բեթհովենի, Կոմիտասի, Բաշինջաղյանի գործերը:

Ֆրանսահայ երաժիշտներ

1973թ. հունվարին, բավական երկար  նախապատրաստվելուց հետո Փարիզում հիմնադրվում է Հայ արվեստի զարգացման միությունը, որը Քաթրա հապավումով միության ֆրանսերեն անվանումով, որ չորս Ա-երով է սկսվում, ճանաչում է ստանում հայ և այլազգի արվեստասեր հասարակության շրջանում: Հիմնադիր կազմակերպիչն ու գեղարվեստական ղեկավարն էր արվեստաբան Գրիգոր Համբարձումյանը: Քաթրան Եվրոպայում գործում է ՀԲԸՄ-ի հովանու ներքո:

Ֆրանսահայ երաժշտության մեջ իր ուրույն տեղն ուներ Արմենակ Շահմուրադյանը (1878-1939թթ.): Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան: Նրա առաջին ելույթն օպերային թատրոնում 1911թ. Հունվարի 27-ին էր, Գունոյի «Ֆաուստ»-ում` Ֆաուստի դերերգերով: Կոմիտասյան երգերի մեկնաբանմամբ ստեղծված ձայնասկավառակները (1914թ.) այսօր էլ մնում են կոմիտասյան երգչական դպրոցի լավագույն նմուշները, հակառակ ձայնագրման տեխնիկական թերությունների, որը պայմանավորված է իր ժամանակի ձայնագրական ցածր մակարդակով:

Պոլսեցի նշանավոր իրավաբան Հովհաննեսի որդի Տիրան Ալեքսանյանը (1881-1954թթ.) երաժշտության առաջին դասերն առել է քեռուց` դաշնակահար Հովհաննես Ազնավուրից: 15 տարեկան մեկնել է Դրեզդեն, իբրև թավջութակահար աշակերտել նշանավոր Գրյուցմախերին:

1901 թվականից արդեն բեմահարթակում էր: 1917թ. Նա Փարիզում մասնակցել է «Հայ մտավորական միության» կազմակերպմանը, 1919թ.` «Հայ ազգային ազատական միության» հիմնադրամը: 20 տարի դասավանդել է Փարիզի նշանավոր Էկոլ Նողմալ դը Մյուզիկում (1919-1937թթ.), նույնքան էլ Նյու-Յորքի Ջուլիարդ կոնսերվատորիայում (1937-1954թթ.)` անգերազանցելի ներդրում ունենեալով այդ բնագավառում:

Ալեքսանյանի երաժշտական-մանկավարժական պատրաստակամության, դրա համապատասխան սկզբունքների ու մեթոդների լավագույն արտահայտությունն են նրա բազմաթիվ աշխատությունները ֆրանսերեն լեզվով, դրանց թվում` «Թավջութակի տեսական և գործնական ուսումնասիրությունը»:

Միհրան Տարենտելյանը (1889-1990թթ.) ջութակի դասերը ստացել է Հովհաննես Սիրանյանից: 1923թ. Պոլսից Փարիզ տեղափոխվելով` նա կես դար նվագել է տարբեր նվագախմբերում` սիմֆոնիկ, օպերային, էստրադային: Տարենտելյանը 90-ին մոտ տարիքում դեռ շարունակում էր ստեղծագործել և դասավանդել: Նա իրեն նվիրում է երաժշտական մանկավարժությանը: Ֆրանսահայ երաժշտական իրականության մեջ հայտնի են բազմաթիվ դեմքեր` ջութակահարներ Հակոբ Քյուրքչյանը (1907թ.), Սարգիս Չորեքչյանը, Անտոն Մինասյանը, Ժան Տեր-Մերկերյանը, թավջութակահարներ Հովսեփ Մինասյանը, Նահապետ Ալալեմճյանը (1917-1973թթ.), երգչուհիներ և դաշնակահարուհիներ Մարգարիտ Ավետիքի Բաբայանը (1873թ., Ալեքսանդրապոլ` 1968թ., Փարիզ), վերջինիս քույրը` ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուայի կինը` Շուշիկը, Մարգարիտա Միրիմանովան և նրա կրտսեր քույր` ջութակահար Իոլանտա Միրիմանովան, դաշնակահարուհիներ` Տիրուհի Զառափյանը, Իռեն Բամպուքճյանը, Հյուկետ Աժտերյանը, Մարսելի օպերային թատրոնի մեներգիչ Անտոն Գավուքճյանը, Փարիզի օպերային թատրոնի երգչուհիներ Թամարա Թումանովան, Հայկանուշ Թորոսյանը, օպերային երգչուհիներ` Լին Դուրյանը, Իրիս Բլբուլյանը, Սոնա Նիկողոսյանը, Ծովինար Տեր Պետրոսյանը, Աստղիկ Դեդեյանը, Բախի, Բեթհովենի, Բրամսի, Շոպենի, Ռավելի երկերի լավագույն մեկնաբան Էժենի Ալեսիյանը (1953թ.), շուրջ 30 տարի Փարիզի Գրանդ օպերայի առաջնակարգ արտիստներից` Ժիրայր Սարգսյանը, դաշնակահարներ` Րաֆֆի Պետրոսյանը, Սեդրակ Յավրումյանը, Ալեքսանդր Սարգսի Սիրանոսյանը (1939թ.), Էդուարդ Էքսերճյանը, Մարսելի օպերային թատրոնի երգչուհի Ալիս Շահմիրյանը (1945թ.), աշխարհի լավագույն երգեհոնահարներից` Րաֆֆի Ուրկանճյանը (1937թ.): Վերջինս համարվում է իմպրովիզացիայի մեծ վարպետ ողջ Եվրոպայում, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է. 1964թ. Փարիզում Բախի փառատոնի, Մագադինոյի միջազգային փառատոնի` 1964, 1965 և 1969 թվականներին, Լոնդոնի Վեստմիստեր տաճարի` (1966թ.), Բորդոյի (1966թ.), Օքսֆորդի (1967թ.), Լոզանի (1967թ.), Լիսաբոնի Գյուլբեկյան և այլ փառատոների:

Կոմիտաս Գևորգյանը (1918թ.) խմբավար, երաժիշտ-մանկավարժ Հրանտ Գևորգյանի որդին է: 1984թ. մայիսի 18-ին Փարիզում, սիմֆոնիկ նվագախմբերի  նվագավարական մրցույթում, որ կոչվել է` «Մշակութային գարուն Ռեո Մալմեզոն», Կոմիտասը շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ: Համերգում ղեկավարել է Բեթհովենի թիվ 5 սիմֆոնիան, Դեբյուսիի «Պարեր տավիղի և լարային նվագախմբի համար» (մենակատար`Լորանս Քապել), Շոստակովիչի «Նախերգանք ռուսական և կիրգիզական թեմաներով»: Նա 1989թ. Փարիզում հրատարակել է «Երաժշտական բառարան», որն ընդգրկում է 1500 երաժշտական տերմինների բացատրություն` նշելով դրանց հունական, իտալական, իսպանական, ֆրանսիական, գերմանական, անգլիական, լեհական արմատները:

«Երևանում առաջ էլ եմ եղել: Բայց այդ քաղաքը իրապես տեսա ու ըմբռնեցի, և եթե կուզեք, հասկացա հայ ժողովրդին հատկապես անցյալ տարի»: Մարտին Յորգանցի այս խոսքերը, արված 1989թ., խորհուրդ ունի իր մեջ: Ծնվել է Պոլսում: 1965թ. Արդեն մի քանի ընկերների հետ հայտնվում է համերգային բեմահարթակներում: 1967թ. մասնակցում է բալկանյան երգի փառատոնին, շահում «Ոսկի միկրոֆոն» մրցանակը: 1977թ. Մուտք է գործում նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահը, որը նրան մեծ ճանաչում է բերում: 1973թ. Փարիզում հանդիպում է Առնո Բաբաջանյանին, որի հրավերով էլ նույն թվականին գալիս է Երևան: Նրա մանկական երգերի շարքը 1988թ. Հայաստանի երեխաների համար շատ հարազատ դարձավ:

Վերջին երկու տասնամյակում երաժիշտների թիվը ֆրանսահայ համայնքում այնքան մեծ է, որ բոլորին թվել դժվար է: Դրանց թվում են ջութակահարներ Հռութ Յագուբյանը, Ժերար Թորգոմյանը, ալտահար Սեդրակ Կուլակթեշյանը, թավջութակահարուհի Բեատրիս Շիրինյանը, կոնտրաբասահար Սեդրակ Մանուկյանը, երգիչ Կարապետ Տեմիրճյանը և շատ ուրիշներ: Աշխարհի տարբեր կողմերում կարելի է հաշվել մի քանի տասնյակ սփյուռքահայ էստրադային երգիչ-երաժիշտներ ու համույթներ (Սիլվի Վարդան, Ժիրայր Ֆնդկյան, Լիզ Սարյան, Էվալին Ալթունյան, Մարթին Յորգանց, Ռոզի Արմեն, Ադիս Հարմանդյան և շատ ուրիշներ):

Շարլ Ազնավուրի անվան հետ է կապվում էստրադային երաժշտության նոր, ինքնատիպ ուղղություն` միջազգային չափանիշներով: Խորանալով Շարլի արվեստի արմատների մեջ`ակնհայտ ու համոզիչ է դառնում, որ նա իր արվեստի մեջ ներծծել է հայ և ֆրանսիական երաժշտարվեստի կենարար հյութերը և նրա ստեղծագործությունները հանդիսանում է այդ երկու ազգային մշակույթների փոխներթափանցման արդյունքը: «Ես հայ եմ ծագումով: Իսկական անուն-ազգանունս Շահնուր Ազնավուրյան է, ծնվել եմ Փարիզում, այստեղ կրթություն եմ ստացել: Բայց իմ արմատները Հայաստանում են, արմատներս են` լեզուս, ավանդույթներս, մոտեցումս կյանքի այս կամ այն հարցերին…», հպարտությամբ հայտարարում է Ազնավուրը 1988թ. հունվարի 27-ին «Իզվեստիայի» թղթակցին հարցազրույցի ժամանակ:

Բրիտանահայ երաժիշտներ

Հայտնի օպերային երգչուհիներ էր Ալեքսիա Պասյանը, Էրա Բադալ Գալուստյանը (1905թ.): Եթովպահայ գաղթօջախից է սերել շնորհալի երգչուհի Օվսաննա Քյոշկերյանը: Նա մասնակցել է «Բրիտանական երաժշտական ընկերության» փառատոներից մեկին՝ 1978թ., և շահել առաջին մրցանակը: Մրցույթում կատարել է Չուխաջյանի «Գարուն» երգը:

Մանուկ Բարիքյանը (1920-1987թթ.) 1946թ. Ժնևում շահելով միջազգային մրցույթը` նշանակվում է Լիվերպուլի ֆիլհարմոնիայի նվագախմբի կոնցերտմեյստեր: Իսկ 1948թ. մինչև իր վախճանը Լոնդոնի նվագախմբի մենակատարն ու կոնցերտմեյստերն էր: Գրեթե նույն ժամանակվանից նաև Անգլիայի թագավորական երաժշտական ակադեմիայի ջութակի պրոֆեսոր:

Լևոն Չիլինգարյանը (1948թ.) 1971թ. Մյուհենում ստանում է առաջին մրցանակը: Փայլուն ջութակահարը 1971թ. հիմնում է մի կվարտետ, իր երաժիշտ պապիկի պատվին կոչում «Չիլինգարյան կվարտետ», որը Լոնդոնի երաժշտական քննադատների կողմից գնահատվում է իբրև մի համույթ, որն իր նշանակալից ազդեցությունը կունենա համաշխարհային կվարտետային երաժշտության վրա: Կանխագուշակումն անվերապահ էր: Համույթը երաժշտական հաղթարշավով անցնում է ԱՄՆ-ի, Կանադայի, Աֆրիկայի և այլ բեմերով:

Հայտնի են նաև ջութակահար Հարություն Բեդելյանը (1945թ.), դաշնակահարուհի Ելենա Գյուտյանը, երգիչ Խաչատուր Փիլիկյանը (1939թ.):

Իրենց արմատները ունենալով կիպրահայ գաղթօջախում՝ անգլիական երաժշտական մշակույթի անդաստանն է մտնում բացառիկ տաղանդով օժտված Վարդուկյանների քառյակը: