«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին Լոռու մարզում

Սեպտեմբերի 27–ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների համերգը:

Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Համերգին մասնակցում էր նաև Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը՝ Ռուզաննա Մխիթարյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, նա շնորհակալություն հայտնեց մարզի մշակութային կյանքը նման միջոցառումներով հարստացնելու համար, կարևորեց մարզերի մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցությանը:

Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Վանաձոր քաղաքին ջերմ ընդունելության համար: