Լեոնորա (Արևիկ) Թանաշյան (Լիբանան)

Լեոնորա Թանաշյանը ծնվել է 1985թ. Գյումրիում: Նախնական կրթությունը ստացել է Գյումրիի Շիրվանզադեի անվան առաջին վարժարանում, զուգահեռաբար հաճախել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մասնակցելով Խորեն Աբրահամյանի և Երվանդ Ղազանչյանի գլխավորած ներկայացումներին: 1998թ., որպես դաշնակահար և ջութակահար, ավարտել է Գյումրիի Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցը: Երկար տարիներ հաճախել է Գյումրիի գեղարվեստի կենտրոն՝ սովորելով երգ, պար, յուղանկարչություն և գորգագործություն: 2001թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ձայնամարզության դասարանը, որն ավարտել է գերազանցությամբ: Այնուհետև ընդունվել է կոնսերվատորիայի ասպիրանտուրա՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, և 2009թ. ավարտել այն գերազանցությամբ: Անհատական և երգչախմբային մի շարք համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, Ավստրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Սիրիայում և Լիբանանում:

2013թ. Գոհար երգչախմբի և նվագախմբի հետ Լեոնորա Թանաշյանը կատարել է Հայդնի “Nelson Mass”-ը, Գյումրիում Անուշ Օպերայի 100-ամյակի առթիվ բեմ է բարձրացել «Անուշ»-ի դերերգով: Նույն թվականին Երևանում, Գյումրիում և Ղարաբաղում հանդես է եկել զանազան մենահամերգներով՝ նվիրված Մեծ Եղեռնին, Կոմիտասին և ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովին: Լեոնորան եղել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեներգչուհին, եղել է Գոհար երգչախմբի անդամ և նաև Խաչատուր Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի երգի ուսուցչուհին: 2014թ. մարտի 7-ին երգչուհին Լիբանանում ներկայացել է մենահամերգով՝ նվիրված կանանց և մայրության տոնին: 2013-2014թթ. դասավանդել է Լիբանանի Համազգային մշակութային միության «Բարսեղ Կանաչեան» երաժշտական դպրոցում՝ որպես ձայնամարզության ուսուցչուհի: 2014թ. հոկտեմբերի 19-ին Բուենոս Այրեսում հանդես է եկել մենահամերգով՝ նվիրված կանանց և մայրության տոնին: 2014թ. փետրվարի 12-ին Լիբանանում լույս է տեսել Լեոնորայի «Պռօսխումէ» խորագրով առաջին հոգևոր ձայնասկավառակը՝ ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր պրն. Էլիաս Ռահբանի հովանավորությամբ:

Լեոնորա Թանաշյանը արժանացել է «Գրան Պրի» մրցանակի 2015թ. հունիսի 13-18 Երևանում կայացած «Կովկասյան առաջնություն», 2015թ. սեպտեմբերի 13-18 Բուլղարիայի Սոֆիա քաղաքում «Սոֆիա Գրան Պրի-2015», 2015թ. հոկտեմբերի 18-20 Լեհաստանի Վարշավա քաղաքում “Victoria-2015” և 2016թ. հունվարի 15-18 Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում “Winter Tale-2016” միջազգային մրցույթներին: 2015թ. դեկտեմբերի 7-ին Իրանի Նոր Ջուղա քաղաքում հանդես է եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով մենահամերգով: 2016թ. մարտի 20-24 Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում մասնակցել է «Մոնսերատի ոսկե ձայներ» միջազգային մրցույթին և արժանացել առաջին գլխավոր մրցանակին:

Լեոնորայի համերգային գործունեությունը վարում է իր ամուսինը՝ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը: Երգչուհին նաև «Վերածնունդ» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր և ոսկե մեդալակիր է: Որպես ուսուցչուհի, մենակատար և մանկավարժ՝ արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, վկայականների, շնորհակալագրերի: