Հայկական նվագարաններ

Բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների պես հայ ժողովուրդն էլ ունի իր ազգային երաժշտական մտածելակերպը, իր ինքնատիպ մեղեդիներն ու յուրօրինակ նվագարանները, որոնցով կատարվում են այդ մեղեդիները: Դեռ հնագույն ժամանակներից խնջույքների, տոնախմբությունների և ծիսական հանդիսությունների ժամանակ երգող-պարողներին նվագակցում էին երաժիշտները` իրենց նվագարաններով: Դրանք սկզբում շատ պարզ կազմություն ունեին. պատրաստվում էին եղեգից, կավից, փայտից, եղջյուրից ու ոսկորից: Գառնիի պեղումների ժամանակ ոսկրե մի սրինգ է հայտնաբերվել, որը վերագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Մեր պատմիչների աշխատություններում էլ տեղեկություններ կան ոչ միայն ծիսակատարությունների ընթացքում պարող վարձակների ու վիպական երգեր կատարող գուսան-վիպասանների, այլև նվագակցող երաժիշտների ու նրանց նվագարանների վերաբերյալ: Իր «Հայոց Պատմության» մեջ Խորենացին հիշատակում է եղեգան փողի ու ծիրանափողի, փանդիռի ու թմբուկի մասին, իսկ Փավստոս Բուզանդը Պապ թագավորին դավադրաբար սպանելու դեպքը նկարագրելիս նշում է, որ դավադիրներն օգտվել են այն պահից, երբ արքան ոգևորված լսում էր երաժիշտների նվագը: Պատմիչը թվարկում է նաև այն նվագարանները, որ երաժիշտները նվագում էին` թմբուկ, սրինգ և քնար: Թվարկվածներից զատ` միջնադարյան Հայաստանում տարածված նվագարաններից էին ջութը, քանոնը, սանթուրը, բամբիռը, պկուն, բլուլը, պարկապզուկը, դափը, նաղարան, ավելի ուշ ի հայտ եկան զուռնան, դհոլը, դուդուկը, սազը, թառը, քամանչան, քամանին և այլն:

Բայց դարերի ընթացքում` ժողովուրդների մշակութային շփումների հետևանքով, այդ նվագարաններից շատերը տարածում են գտել նաև հարևան ազգերի մոտ, անցել երկրից երկիր, փոփոխությունների ենթարկվել, կատարելագործվել: Արդեն 12-15-րդ դարերում մեր մատենագիրների աշխատություններում հիշատակված շատ նվագարաններ ընդհանուր արևելյան երաժշտական գործիքներ են համարվում, քանզի տարածված էին նաև ողջ Անդրկովկասում, Պարսկաստանում, Թուրքիայում և արաբական երկրներում: Հովհաննես Երզնկացին (13-րդ դար) լուրջ մեկնաբանություններ է անում «չորեքաղեան քնարի»` այսինքն ուդի վերաբերյալ, որն արաբական նվագարան է, բայց որոշ փոփոխությունների ենթարկվելով` տարածում է գտել նաև Հայաստանում: Առաքել Սյունեցին (15-րդ դար) խոսում է ութլարանի քնարի մասին, ներկայացնում փողային ու լարային մի շարք գործիքներ, որոնք նույնպես արևելյան են: Իսկ Հակոբ Ղրիմեցին (15-րդ դար) նկարագրում է «սանդիր» (սանթուր), «ղանոն» (քանոն) և «արղանոն» գործիքները: Մեր «Սասնա ծռեր» էպոսում Դավթի առջև Խանդութ խանումին գովերգող գուսանները սազ էին նվագում, իսկ 15-16-րդ դարերի հայկական մանրանկարչության մեջ երգող գուսան-տաղասացներն ու աշուղներն արդեն պատկերված են քամանչան կամ թառը ձեռքներին:

Ժամանակի ընթացքում երաժշտական գործիքները կատարելագործվեցին, ստեղծվեցին նոր տարատեսակներ, զարգացավ դրանց պատրաստման տեխնոլոգիան: 16-17-րդ դարերում Եվրոպայում արդեն ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ կային, որոնք իրենց արվեստն ուսուցանում էին սկսնակներին, այլև իբրև առանձին գիտություն տարանջատվել ու զարգանում էր արվեստաբանությունը, որն ուսումնասիրում էր նաև երաժշտությունը` սահմանլով ճշգրիտ չափորոշիչներ ու կանոններ: Ըստ այդ չափորոշիչների էլ պատրաստվում էին կանոնավորված ձայնածավալով ու ճշգրիտ լարվածքով պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ: Ջութակներն օրինակ, խմբավորվում էին ըստ հետևյալ տարատեսակների` ջութակ, ալտ, վիոլոնչել (թավջութակ) և կոնտրաբաս: Պրոֆեսիոնալ նվագախմբերում ջութակների հետ ներգրավում էին նաև համապատասխան ձայնածավալի ու տոնայնության փողային և այլ լարային նվագարաններ: Ուստի և երաժշտական գործիքները դասակարգվում են ոչ միայն ըստ ծագման վայրի (արևելյան նվագարաններ, եվրոպական երաժշտական գործիքներ և այլն), այլ նաև ըստ գործածության նշանակության` պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ և ժողովրդական նվագարաններ:

Բայց ժողովրդական նվագարաններն իրենց հմայքը բնավ էլ չկորցրին, քանզի յուրաքանչյուր ժողովրդի երաժշտական կյանքում կարևոր տեղ ունեն ազգային մեղեդիները, որոնք կատարվում են հենց ժողովրդական նվագարաններով: Դա յուրօրինակ կոլորիտ է ստեղծում` պահպանելով ազգային մելոսի առանձնահատկությունները և ավելի խոր պատկերացում տալիս տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթի վերաբերյալ:

Հնուց ի վեր հայ աշխարհիկ երաժշտության մեջ կարևոր տեղ են ունեցել ինչպես գուսանական, այնպես էլ գեղջկական ու կենցաղային երգերը (աշխատանքի երգեր, օրորոցայիններ, ծիսական երգեր և այլն): Ուշ միջնադարում, սոցիալ-քաղաքական իրավիճակներով պայմանավորված, տարածում գտան նաև պանդխտության երգերը, իսկ 15-16-րդ դարերից ծնունդ առավ ու զարգացավ հայ աշուղական արվեստը: Գրեթե այս ողջ պաշարն իր արտահայտությունն էր գտնում նաև գործիքային կատարումներում, ուստի դարձավ 18-րդ դարավերջից Անդրկովկասում մեծ տարածում գտած սազանդարական խմբերի երգացանկի հիմնական մասը: Ժողովրդական ու աշուղական երգերից զատ` այդ խմբերը կատարում էին նաև արևելյան պարեղանակներ ու մուղամներ: Սազանդարական խմբերն ըստ էության 3-4 նվագածուներից կազմված արևելյան նվագարաներով փոքրիկ համույթներ էին, որոնք հանդես էին գալիս խնջույք-հարսանիքներում, արևելյան թեյարան-սրճարաններում: Այդպիսի համույթներում սովորաբար ընդգրկված էին լինում մեկ թառահար կամ սազ նվագող, մեկ քամանչահար և մեկ դափ նվագող, որը հիմնականում հանդես էր գալիս նաև որպես երգիչ: Սազանդարական խմբերից բացի` գյուղական հարսանիքներում կարելի էր տեսնել զուռնա, դհոլ նվագողներ, որոնք պրոֆեսիոնալ երաժիշտներ չէին:

Ծիրանենու փայտից պատրաստվող հայկական մյուս փողային նվագարանները` զուռնան, սրինգը, բլուլը, ինչպես և դուդուկը, ևս համարվում են հնագույն ծիրանափողի կատարելագործված տարատեսակներ: Ի դեպ, «սրինգ» անվանումը գալիս է հունարենից և նշանակում է «նվագափող», բայց հայերն այդ նվագարանը նաև «շվի» են կոչում: Այս բոլոր նվագարաններն էլ ութ ձայնանցք ունեն` նույն դասավորությամբ, ինչպես որ դուդուկինն է: Բայց սրինգը և բլուլը չունեն ձայնարտաբերման հատուկ մաս` ձայնն արտաբերվում է անմիջապես փողի մեջ փչելով: Իսկ հայկական զուռնան, որ եվրոպական հոբոյի նախատիպն է համարվում, լեզվակավոր փողային նվագարան է: Փողի երկարությունը մոտ 29 սմ է, վերին հատվածը նեղ է, ներքևում լայնանում է` տրամագիծը հասնելով մինչև 4սմ-ի: Զուռնան սովորաբար նվագում են դհոլի հետ միասին` առավելապես կատարելով ուրախ պարեղանակներ:

Հայկական փողային նվագարաններից պարկապզուկը ևս մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն հովվական պկուի կատարելագործված տարատեսակներից է և կազմված է կենդանու կաշվից պատրաստված պարկից (տիկ), որին ամրացված են 2 և ավելի փայտե փողեր: Փողերից երկուսը ձայնանցքերով են, իսկ մյուսներն առանց անցքերի` պարզապես ձայնադարձության համար: Նվագելուց առաջ պարկն օդով է լցվում: Պարկապզուկը հնուց տարածված է եղել նաև Եվրոպայում, հատկապես Շոտլանդիայում: Եվրոպացիները այս նվագարանն անվանում են «մյուզետ»:

Հետաքրքրական ու ինքնատիպ կազմություն ունեն նաև հայկական լարային նվագարանները: Դրանցից հնագույնների` քանոնի և սանթուրի նախատիպեր եղել են դեռևս հին Եգիպտոսում: Երկու նվագարաններն էլ փայտե ուղղանկյուն տեսք ունեն: Սանթուրը բազմալար նվագարան է, և նվագում են փայտե մուրճիկներով լարերին հարվածելով: Լարերը մետաղյա են, իրանի վերին կափարիչին ձայնադարձիչ անցքեր կան: Իսկ քանոնը լարային կսմիթավոր նվագարան է, որի փայտե իրանի ուղղանկյունաձև կողմը թաղանթով է պատված: 24 եռակի աղելարերը լարվում են մաժորային դիատոնիկ լարվածքով` «ռե» տոնայնության մեջ, շարժական հատուկ բռնակի միջոցով: Նվագում են երկու ձեռքերի միջին, բութ և ցուցամատերով` մատներին մատնոցով կնտնոցներ հագցրած: Նվագարանը տեխնիկական մեծ հնարավորություններ ունի: Ինչպես այս, այնպես էլ մյուս լարային նվագարանները սիրված ու տարածված են եղել թե՛ սազանդարների, թե՛ աշուղների շրջանում: Մեր անվանի աշուղներից սանթուր էր նվագում Ջամալին (Մկրտիչ Տալյանը)` անվանի երգիչ Շարա Տալյանի հայրը: Իսկ քանոն նվագել է աշուղ Շահենը:

Որպես ազգային ինքնատիպ նվագարան, քանոնը մեզ սիրելի դարձավ նաև այդ գործիքի անզուգական վարպետ-կատարող Անժելա Աթաբեկյանի շնորհիվ: Հայկական մյուս լարային նվագարանները` թառը, սազը, քամանչան ու քամանին, նույնպես աշուղների սիրած նվագարաններից էին, և դրանք պատրաստելիս կարևոր է ոչ միայն պատրաստող վարպետի հմտությունը, այլև նյութերի ճիշտ ընտրությունը, դարերով մշակված ավանդույթները: Հայկական թառն, օրինակ, պատրաստվում է թթենու փայտի ամբողջական կտորից: Այն լարավոր, կնտնոցային նվագարան է` երկգավաթ, ութանման իրանով, որի արձագանքարանն առջևից պատվում է ոչխարի կամ հորթի կաշվից պատրաստված թաղանթով (մեմբրան): Երկարավուն, ականջավոր կոթը սովորաբար պատրաստվում է ընկուզենու փայտից: Կոթի վրա 22 աղիքե փարդաներ (ձայնաբաժաններ) կան: Մեր անվանի աշուղներից թառ են նվագել Շերամը, Իգիթը և ուրիշներ: Լարային հնագույն նվագարաններից է սազը, որի իրանը տանձաձև է: Այն ևս պատրաստվում է թթենու կամ ընկուզենու փայտից: Արձագանքարանն առջևի մասում ունի փայտե բարակ կափարիչ (վերին դեկա), որի վրա ձայնադարձիչ անցքեր կան: Լարերը մետաղյա են, լարվածքը` կվարտա-կվինտային, երկարավուն կոթի վրա կան փարդաներ (ձայնաբաժաններ): Նվագում են ոսկորե կամ եղջյուրե կնտնոցով` միաժամանակ հարվածելով բոլոր լարերին: Տեմբրը զրնգուն է, բայց փափուկ: Մեր անվանի աշուղներից սազ է նվագել Հավասին:

Բայց հայկական լարային նվագարաններից ամենասիրվածն ու տարածվածը թերևս քամանչան է, որ հնուց ի վեր գործածվել է ողջ Անդրկովկասում, Պարսկաստանում ու Թուրքիայում: Այս աղեղնավոր նվագարանի արձագանքարանը գնդաձև է, առջևից պատված կաշվե թաղանթով: Կլոր կոթից դեպի վար` արձագանքարանի միջով մետաղե կաղապարաձող է անցնում, որը նվագարանի համար նաև իբրև «ոտք» է ծառայում: Ձայնը հնչեղ է, շատ նման ջութակի ձայնին: Վրացահայ անվանի քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին (Ալեքսանդր Օգանով) և կոմպոզիտոր, խմբավար ու մանկավարժ Վարդան Բունին (Բունիաթյանց) 20-րդ դարասկզբին կատարելագործեցին այս նվագարանը` դարձնելով լիարժեք համերգային գործիք: Օգանեզաշվիլուց բացի` հայտնի են այնպիսի վարպետ քամանչահարներ, ինչպես Լևոն Կարախանը և Արտեմ Մեջինյանը: Քամանչա են նվագել նաև հայ անվանի աշուղներ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, Աշոտը և ուրիշներ:

Հնուց ի վեր աշուղների ու սազանդարների շրջանում սիրված ու տարածված նվագարաններից է նաև քամանին: Այն փաստորեն արևելյան ջութակի մի տարատեսակ է` փոքր-ինչ ավելի պարզ կազմությամբ: Արտաքին տեսքով քամանին շատ նման է եվրոպական «պոշետա» կոչվող փոքրիկ ջութակին: Փայտե արձագանքարանն ուղղանկյունաձև է, բայց անկյունները սուր չեն, այլ կորավուն: Կոթը կարճ է, մետաղե չորս լար ունի, բայց որոշակի լարվածք չունի: Քամանիի հիմնական առանձնահատկությունը տակից անցնող ձայնադարձիչ լարերն են, որ սովորաբար լարվում են հիմնականներին ունիսոն կամ մեկ օկտավա բարձր: Նվագում են ծնկին դրած: Մեր անվանի աշուղներից քամանի են նվագել Շիրինը, Ջիվանին, Մահուբի Գևորգը և ուրիշներ:

Հարվածային գործիքներից հայկական կենցաղում տարածված են եղել թմբուկը, նաղարան, դափը և դհոլը: Նաղարան կավե կամ փայտե կճուճների տեսք ունի, որի վերին բացվածքին կաշվե թաղանթ է ձգվում: Կաշվե թաղանթը ձգող լարերը ցանցաձև պարուրված են գործիքի ողջ իրանի վրա, իսկ ծայրերը ներքևում կապված են իրար: Դհոլի իրանը թմբկաձև է, երկու կողմերից ձգված են կաշվե թաղանթներ, որոնց ձեռքերով հարվածելով` նվագում են: Դափն ունի շրջանաձև փայտե իրան, որի մի կողմից մետաղե սեղմիչներով ձգված է կաշվե թաղանթ: Կողերին մետաղե փոքրիկ սկավառակներ կան, որոնք հարվածելիս զրնգուն մետաղական հնչյուններ են արձակում:

Նկարագրված այս բոլոր նվագարանները` սազը, թառը, քամանչան ու քամանին, զուռնան, դհոլը, պարկապզուկը, դափը, նաղարան ու դուդուկը հնագույն ժամանակներից մեծ տեղ են ունեցել հայկական մշակութային կյանքում, եղել ու մնում են մեր երաժշտական մշակույթի անբաժանելի մասը: